ՀՍՀ/ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱ (< հիդրո... և ստատիկա), հիդրոմեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարակշռությունը և դադարի վիճակում գտնվող հեղուկի ազդեցությունը այդ հեղուկի մեջ ընկղմված մարմինների վրա: Հ-ի հիմնական խնդիրը տրված F զանգվածային ուժերի ազդեցությամբ որոշակի եզրային պայմանների համար հեղուկում ճնշման դաշտի որոշելն է: Հեղուկի հավասարակշռության հավասարումը ունի հետևյալ տեսքը.

Fρ1ρgradp=0,

որտեղ ρ-ն հեղուկի խտությունն է, p-ն՝ ճնշումը: Այս հավասարումը նույնն է թե՛ իդեալական և թե՛ իրական (մածուցիկ) հեղուկների համար: Համասեռ անսեղմելի (ρ= Const) հեղուկի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտենցիալ: Զանգվածային ուժերի բացակայության (F=0) դեպքում gradp= 0, այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միևնույնն է (տես Պասկալի օրենք): Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է p=p0+ρgz բանաձևով, որտեղ z-ը տրված կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, p0-ն՝ ճնշումը ազատ մակերևույթի վրա: Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը z խորության վրա հավասար է p0 ճնշման և z բարձրությամբ միավոր մակերեսով հեղուկի սյան կշռի գումարին: Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորապես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են: Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կարող է գտնվել հարաբերական դադարի վիճակում: Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախված են շարժման բնույթից: Հ–ի օրենքները (հիմնական օրենքներից մեկն է Արքիմեդի օրենքը) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկական մեքենաների (հիդրավլիկական մամլիչ) և սարքերի (մանոմետր) ստեղծման ժամանակ: Դրանց վրա է հիմնված հիդրոտեխնիկական կառույցների ամրության հաշվարկը:

Գ. Բաբաջանյան