ՀՍՀ/ՀԻԴՐՈԼԻԶ
ՀԻԴՐՈԼԻԶ (< հուն. λύσις – քայքայում, հիդրո — ջուր), ջրի և տարբեր նյութերի միջև ընթացող ռեակցիա: Ընդհանուր ձևով Հ. կարելի է պատկերել A-B+H-OH⇄A-H+B-OH հավասարմամբ, որտեղ AB-ն հիդրոլիզվող նյութն է, AH-ն ու BOH-ը՝ Հ-ի վերջնանյութերը: Աղերի Հ-ի պրոցեսում հավասարակշռությունը ենթարկվում է զանգվածների ներգործության օրենքին: Եթե Հ-ի արդյունքում առաջանում է անլուծելի կամ հեշտ ցնդող նյութ, ապա ելային աղն ամբողջովին տրոհվում է: Մնացած դեպքերում աղերի Հ. ընթանում է էլ ավելի լրիվ, որքան որ թույլ է աղն առաջացնող համապատասխան թթուն կամ հիմքը: Թույլ թթվից և ուժեղ հիմքից գոյացած աղի (օրինակ, KCN-ի) Հ-ի դեպքում լուծույթը կունենա հիմնային ռեակցիա: Դա բացատրվում է նրանով, որ թույլ թթվի անիոնը մասնակիորեն կապում է ջրի դիսոցմամբ առաջացած H+ իոնները, և լուծույթում մնում է OH- իոնների ավելցուկ՝
K++CN-+HOH⇄HCN+K++OH-:
Ուժեղ թթվից և թույլ հիմքից գոյացած աղի (օրինակ, NH4Cl-ի) լուծույթն ունի թթվային ռեակցիա (NH4++Cl-+HOH⇄NH4OH+H++Cl-): Եթե աղի կատիոնի (կամ անիոնի) լիցքը մեկից մեծ է, ապա Հ. հաճախ բերում է թթու (կամ հիմնային) աղերի առաջացմանը՝
CuCl₂⇄Cu(OH)Cl⇄Cu(OH)₂:
Աղերի Հ. քանակապես բնութագրող հ ի դրոլիզի աստիճանը (a) որոշվում է լուծույթում մոլեկուլների հիդրոլիզված մասի կոնցենտրացիայի և տվյալ աղի ընդհանուր կոնցենտրացիայի հարաբերությամբ: Շատ դեպքերում a-ն մեծ չէ: Այսպես, նատրիումի քացախատի՝ և ամոնիումի քացախատի՝ 0,1 մոլյարանոց լուծույթներում, 25°C-ում a-ն համապատասխանաբար հավասար է 0,01% և 0,5%: Ջերմաստիճանը բարձրացնելիս և լուծույթը նոսրացնելիս a-ն մեծանում է: Հ-ով է պայմանավորված բուֆերային համակարգերի գոյությունը: Այդպիսի լուծույթներն ունեն ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն, որովհետև H+ իոնների հաստատուն կոնցենտրացիան անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Աղերի Հ-ի հետ են կապված նաև երկրակեղևի երկրաբանական մի շարք փոփոխություններ, միներալների առաջացումը, բնական ջրի և հողի ձևավորումը:
Օրգանական միացությունների հիդրոլիզ: Օրգ. միացությունները ջրով քայքայելիս առաջացնում են երկու և ավելի նյութեր: Սովորաբար Հ.. իրականացվում է թթուների (թթվային Հ.) կամ հիմքերի (հիմնային Հ.) առկայությամբ: Հիդրոլիզային քայքայման ավելի հաճախ ենթարկվում են ածխածնի ատոմի և այլ ատոմների (հալոգենների, թթվածնի, ազոտի ևն) միջև եղած կապերը: Այսպես, հալոգենների հիմնային Հ-ով ստանում են (նաև արդյունաբերության մեջ) սպիրտներ, ֆենոլներ, օրինակ՝
,
:
Ածխաջրածնային ռադիկալի (R) կառուցվածքից և ռեակցիայի պայմաններից կախված հալոգենածանցյալների Հ. կարելի է իրականացնել որպես միամոլեկուլային (SN 1) կամ երկմոլեկուլային (SN 2) պրոցես: Միամոլեկուլային ռեակցիայի դեպքում սկզբում տեղի է ունենում ածխածին-հալոգեն կապի իոնացում, իսկ հետո առաջացած կարբոնիումի իոնը (կարբկատիոնը՝ R+) փոխազդում է ջրի հետ: Ալկալին (եթե այն առկա է) չի ազդում Հ-ի արագության վրա, այլ ծառայում է միայն անջատված հալոգենաջրածնական թթուն չեզոքացնելու և հավասարակշռությունը տեղաշարժելու համար.
Երկմոլեկուլային ռեակցիաների դեպքում Հ-ի արագությունը ուղիղ համեմատական է ալկալու կոնցենտրացիային՝
R-Hal+HO-→R-OH+Hal- SN2:
Առանձնապես կարևոր է էսթերների Հ. (էսթերացման հակադարձ ռեակցիան)՝
R COOR'+H₂O→RCOOH+R'OH
Էսթերների թթվային Հ. դարձելի պրոցես է, իսկ հիմնային Հ. դարձելի չէ, քանի որ այդ դեպքում առաջանում է սպիրտ և թթվի աղ:
Այդ պրոցեսը լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ սպիրտներ և թթուներ ստանալու համար, օրինակ, ճարպերը օճառացնելիս առաջանում են գլիցերինի և ճարպային շարքի բարձր մոլեկուլային թթուների աղեր (օճառ): Էսթերների նման են հիդրոլիզվում թթուների ամիդները: Այդ դեպքում առաջանում են թթուներ և ամիններ: Ածխածին-ածխածին կապի Հ-ի դեպքերը համեմատաբար հազվադեպ են: Դրանցից են, մասնավորապես, 1,3-երկկարբոնիլային միացությունների, օրինակ, ացետոքացախաթթվի էսթերի կետոնային (թթուների և նոսր ալկալիների ազդեցությամբ) և թթվային (խիստ ալկալու ազդեցությամբ) ճեղքումը։
<Հ.» տերմինը սովորաբար գործածվում է օրգ. քիմիայում նաև որոշ պրոցեսների վերաբերյալ, որոնց ավելի ճիշտ կլիներ անվանել հիդրատացում, օրինակ, թթուների նիտրիլների փոխարկումը ամիդների՝
:
Էսթերային, գլիկոզիդային (ածխաջրերում) և ամիդային (սպիտակուցներում) կապերի Հ. մեծ դեր է խաղում օրգանիզմների կենսագործունեության մեջ: Տես նաև Հիդրոլիզ բուսական նյութերի: