ՀՍՀ/ՀԻԴՐԱՏԱՑՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻԴՐԱՏԱՑՈՒՄ (հուն. ջուր), ջրամիացում, ջրակցում, քիմիական նյութերին ջրի միացման պրոցես: Տարբերում են Հ–ման մի քանի տեսակ: Օքսիդների Հ–մամբ առաջանում են հիդրօքսիդներ, որոնք կարող են լինել հիմքեր, թթուներ և ամֆոտեր միացություններ, օրինակ, կալցիումի օքսիդին ջուր միացնելիս ստացվում է կալցիումի հիդրօքսիդ (տեխնիկայում այդ պրոցեսը կոչվում է «կրի մարում»): Արդյունաբերության մեջ ծծմբական անհիդրիդի Հ–մամբ ստանում են ծծմբական թթու, իսկ ազոտի օքսիդներից (օրինակ, NO₂–ից)` ազոտական թթու: Արսենի եռօքսիդի Հ–մամբ առաջանում է թույլ, ամֆոտեր արսենային թթու`

As2O3+3H2O=2H3AsO3:

Օրգանական միացությունների Հ. տեղի է ունենում բազմակի կապերի, իսկ ցիկլիկ միացությունների Հ.` ցիկլերի բացման հաշվին: Սովորաբար այդ ռեակցիաներն ընթանում են հիմքերի, թթուների կամ տարասեռ կատալիզատորների առկայությամբ (կատալիտիկ Հ.) և ունեն գործնական մեծ նշանակություն օրգ. քիմիայում և օրգ. սինթեզի արտադրության մեջ: Այսպես, օլեֆինների ուղղակի Հ–մամբ ստանում են սպիրտներ, օրինակ, էթիլենի Հ–մամբ առաջանում է էթիլալկոհոլ: Ացետիլենի և ացետիլենային միացությունների Հ–մամբ (Կուչերովի ռեակցիա) ստացվում են, համապատասխանաբար` քացախալդեհիդ և կետոններ: Անօրգանական շատ և օրգ. որոշ նյութեր ջրի հետ առաջացնում են հաստատուն բաղադրությամբ պինդ բյուրեղահիդրատներ, որոնք հանդես են գալիս որպես քիմ. առանձին միացություններ: Էլեկտրոլիտները լուծելիս տեղի է ունենում իոնների Հ., որը դժվարացնում է դրանց ասոցումը: Ջրային լուծույթներում իոնների Հ. էլեկտրոլիտային դիսոցման գլխավոր պատճառներից է: Լուծույթներում բյուրեղահիդրատների առաջացումը և մոլեկուլների ու իոնների Հ. սոլվատացման մասնավոր դեպքերն են: Կենսաբանական համակարգում Հ–ման ժամանակ ջուրը միանում է (կապվում) օրգանիզմի տարբեր սուբստրատներին: Հ–ման հետ են կապված կենսաբանական շատ պրոցեսներ: Այսպես, իոնների Հ. ազդում է դրանց բջիջներ թափանցելու վրա, կենսաբանական թաղանթների Հ.` նրանց ֆիզիոլոգիական հատկությունների վրա (տես Կենսաբանական թաղանթներ), իսկ սպիտակուցների Հ. փոփոխում է դրանց որոշ հատկությունները, մասնավորապես ֆերմենտային ակտիվությունը: Մի շարք ֆիզիկա–քիմիական հատկություններով կապված ջուրը տարբերվում է ազատ, ծավալային ջրից: Հ–ման հակադարձ պրոցեսը, այսինքն` նյութերից ջրի պոկումը, կոչվում է դեհիդրատացում (ջրապոկում): Հ. և դեհիդրատացումը մշտապես ընթանում են նյութափոխանակության, մասնավորապես օրգանիզմի ջրափոխանակության պրոցեսներում: