ՀՍՀ/ՀԵՏԱԳԻԾ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԵՏԱԳԻԾ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ: Եթե Հ. ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հակառակ դեպքում` կորագիծ: Ազատ նյութական կետի Հ–ի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնական պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը, կապերի առկայության (տես Կապեր մեխանիկական) դեպքում` դրանց բնույթից: Օրինակ, ազատ անկման դեպքում նյութական կետի Հ Երկրի նկատմամբ (եթե անտեսենք օրական պտույտը) կլինի ուղիղ գիծ, իսկ եթե կետին հաղորդվի ուղղաձիգի ուղղությունից տարբեր ուղղություն ունեցող սկզբնական արագություն, ապա Տ. կունենա պարաբոլի տեսք (օդի դիմադրության անտեսման դեպքում): Ձգողության կենտրոնական դաշտում շարժվող կետի Հ., սկզբնական արագության մեծությունից կախված, կարող է լինել էլիպս, պարաբոլ, հիպերբոլ (մասնավոր դեպքում` ուղիղ գիծ կամ շրջանագիծ): Օրինակ, Երկրի ձգողության դաշտում հորիզոնական ուղղությամբ սկզբնական արագություն ստացած կետի Հ. կլինի շրջանագիծ՝ եթե v0=gR7.9 կմ/վրկ (առաջին տիեզերական արագություն), էլիպս՝ եթե 2gR>v0>gR, պարաբոլ՝ եթե v0=2gR11.2 կմ/վրկ (երկրորդ տիեզերական արագություն), և հիպերբոլ՝ եթե v0>2gR (նկ.): Այստեղ R-ը Երկրի շառավիղն է (մարմնին արագություն է հաղորդվում Երկրի մակերևույթից ոչ հեռու), g-ն՝ ազատ անկման արագացումը. ընդ որում շարժումը դիտարկվում է Երկրի կենտրոնի հետ աստղերի նկատմամբ համընթաց շարժվող հաշվարկման համակարգում: Եթե v0-ի ուղղությունը չի համընկնում հորիզոնականի կամ ուղղաձիգի հետ, ապա v0<2gR դեպքում կետի Հ. կունենա Երկրի մակերևույթը հատող էլիպսային աղեղի տեսք: Այդպիսին է բալիստիկ հրթիռների ծանրության կենտրոնի Հ.: Պինդ մարմնի կետերի Հ-երը կախված են մարմնի շարժման բնույթից: Համընթաց շարժման դեպքում բոլոր կետերը գծում են նույնատեսակ Հ–եր, մնացած դեպքերում` տարբեր: Օրինակ, ճանապարհի ուղղագիծ հատվածով շարժվող ավտոմեքենայի անվագոտու բոլոր կետերի Հ–երը ճանապարհի նկատմամբ կունենան ցիկլոիդի տեսք, իսկ անվի կենտրոնի` կլինի ուղիղ գիծ: Մեքենայի թափքի նկատմամբ անվագոտու կետերի Հ–երը կլինեն շրջանագծեր, իսկ անվի կենտրոնը կմնա անշարժ: Հ–ի որոշումը կարևոր է ինչպես տեսական հետազոտությունների, այնպես էլ գործնական խնդիրների լուծման համար: