ՀՍՀ/ԴԵԿԱՐԲՕՔՍԻԼԱՑՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԵԿԱՐԲՕՔՍԻԼԱՑՈՒՄ (դե․․․ + կարբօքսիլացում), օրգանական թթուների կարբօքսիլ խմբից CO2-ի պոկում: Կարբօքսիլացման հակադարձ ռեակցիան է: Թթվի բնույթից կախված՝ Դ. կատարվում է տարբեր ճանապարհներով: Ալիֆատիկ շարքի թթուները (RCOOH) նատրոնակրի հետ տաքացնելիս անջատում են CO2 և առաջացնում ածխաջրածին: Մալոնաթթվի, ցիանքացախաթթվի և դարչնաթթվի տիպի թթուները CO2-ի անջատում են ուղղակի տաքացնելիս, իսկ թրթնջկաթթուն խիտ H2SO4-ի ազդեցությամբ դեկարբօքսիլացվում է՝ առաջացնելով CO, CO2 և ջուր, մրջնաթթուն՝ CO2 և ջրածին, պիրոխաղողաթթուն՝ CO2 և քացախալդեհիդ: Արոմատիկ թթուների Դ. կատարվում է քինոլինի միջավայրում, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելիս: Դ. կատարվում է նաև ֆերմենտատիվ ճանապարհով, որը նյութափոխանակության պրոցեսի կարևոր փուլերից մեկն է: Օրգանիզմում ամինաթթուների Դ. կատարվում է դեկարբօքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ: