ՀՍՀ/ԴԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկական տրամաբանության բաժին, համապատասխանում է ասույթների տրամաբանության այն ծավալուն ձևին, երբ տարրական ասույթները դիտվում են ոչ թե որպես միասնություն, այլ՝ օժտված յուրահատուկ սուբյեկտ-պրեդիկատային կառուցվածքով: Այստեղ ասույթի մեջ մտնող հասկացությունները նույնացվում են նրանց ծավալի, այսինքն՝ նրանց համապատասխանող դասի հետ: Ենթադրվում է, որ հասկացության բովանդակությունը արտահայտում է ոչ թե հարաբերություն, այլ հատկություն, ուստի, Դ. տ. պարունակում է միայն մեկ տեղանի պրեդիկատներ: Դ. տ-յան հիմնական խնդիրն է ճշգրտել տարրական ասույթի ձևը և, դրան համապատասխան, ընդհանրացնել «տրամաբանական օրենք» հասկացությունն ու տրամաբանական արտածման կանոնները: Այն հարցը, թե տվյալ եզրակացությունը տրված նախադրյալների տրամաբանական արդյունքն է, թե՝ ոչ, հանգեցվում է Դ. տ-յան համապատասխան բանաձևի նույնաբար ճշմարիտ լինելու խնդրին: Վերջինս, իր հերթին, հանգեցվում է ասույթների տրամաբանության մեջ լուծելիության պրոբլեմին, որի համար արդեն առկա է լուծման ալգորիթմական եղանակը: Այսինքն՝ Դ. տ-յան «լեզվով» գրված ցանկացած արտահայտության համար կարելի է ասել՝ տրամաբանական օրենք է այն, թե՛ ոչ:

Դ. տ-յան մեջ α և β դասերի հետ կատարվում են հետևյալ գործողությունները. 1. հատում, որից ստացվում է նոր՝ αβ դաս, 2. գումարում αβ, 3. α դասին լրացնող ά դասի կառուցում: Այնուհետև ներմուծվում են դասերի պատկանելիության՝ և հավասարության՝ = հարաբերությունները (αβ,α=β): Երբ քննարկվող տիրույթը պարունակում է միայն մեկ տարր, ապա դասերի և ասույթների միջև կատարվող գործողությունները համնկնում են, և Դ. տ. դրսևորվում է որպես ասույթների տրամաբանություն: Դ. տ.պատմականորեն եղել է Արիստոտելի սիլլոգիստիկայի որոշ խնդիրները հանրահաշվի և երկրաչափության խնդիրներին հանգեցնելու մի փորձ: Ներկայումս Դ. տ. հազվադեպ է դիտվում որպես մաթ. տրամաբանության ինքնուրույն բաժին, նրա բոլոր պրոբլեմները հեշտությամբ լուծվում են պրեդիկատների տրամաբանության միջոցով:

Կաղապար:Աջաթև