ՀՍՀ/ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, վարձու բանվորի աշխատանքով իր աշխատուժի արժեքից ավելի ստեղծած արժեք, որն անհատույց յուրացնում է կապիտալիստը: «…հավելյալ արժեքի արտադրությունը կամ հավելյալ աշխատանք կորզելը կապիտալիստական արտադրության սպեցիֆիկ բովանդակությունն ու նպատակն է…» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, էջ 313, 1954), կանխորոշում է արտադրողական ուժերի ու արտադրական հարաբերությունների զարգացման ուղղություններն ու տեմպերը: Այն արտացոլում է ոչ միայն բուրժուազիայի ու վարձու բանվորների, այլև բուրժուազիայի տարբեր խմբերի` արդյունաբերողների, առևտրականների, բանկատերերի, նաև դրանց ու հողասեփականատերերի տնտ. հարաբերությունները: Հ. ա–ի տեսությունը բացահայտել և գիտականորեն հիմնավորել է Կ. Մարքսը` «Կապիտալ»–ում ու մյուս աշխատություններում: Վ. Ի. Լենինն այն անվանել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի անկյունաքար: Հ. ա–ի արտադրության նախադրյալը հասարակության զարգացման որոշակի փուլում աշխատուժի վերածումն է ապրանքի: Արտադրություն կազմակերպելիս կապիտալիստը արտադրամիջոցներ և աշխատուժ գնելու համար ծախսում է որոշ քանակությամբ դրամ, հետապնդելով միայն մի նպատակ` ստանալ իր կանխավճարած դրամից ավելի մեծ արժեք` Հ. ա.: Վերջինը չի կարող անհամարժեք փոխանակության արդյունք լինել, քանի որ ապրանքների առուծախն իրականացվում է արժեքի օրենքի հիման վրա: Հ. ա– ի աղբյուր չեն կարող լինել նաև արտադրամիջոցները (հաստատուն կաաիտալ), որովհետև դրանք չեն ստեղծում նոր արժեք, այլ միայն իրենց արժեքը փոխանցում են նորաստեղծ արդյունքին: Կապիտալիստն աշխատուժը գնում է այնպիսի արժեքով, որը որոշվում է այդ արժեքի վերարտադրության համար հասարակայնորեն անհրաժեշտ աշխատաժամանակի քանակով: Նա ձեռք է բերում աշխատուժ–ապրանքի սպառողական արժեքը, որն ունի առանձնահատկություն` սպառման (աշխատանքի) պրոցեսում նոր, իր արժեքից մեծ արժեք ստեղծելու ունակություն: Հետևաբար, Հ. ա–ի միակ աղբյուրը վարձու բանվորի աշխատանքն է: Հ. ա., Մարքսի բնորոշմամբ, արտադրության պրոցեսում կենդանի աշխատանքով ստեղծված և աշխատավարձի ձևով բանվորին վճարված արժեքների տարբերությունն է: Այն հանդես է գալիս շահույթի ձևով, որն իրացման և բաշխման պրոցեսում ընդունում է ձեռնարկուական եկամտի, տոկոսի, հողային ռենտայի տեսք: Դրանք ունեն յուրահատկություններ, իսկ ընդհանուր կողմը ստացման աղբյուրն է` բանվորների չվարձատրված աշխատանքնը: Հ. ա–ի արտադրությունն անսահման ավելացնելու ձգտումով կապիտալիստները տարբեր եղանակներով ուժեղացնում են վարձու աշխատանքի շահագործումը: Այդ եղանակներին համապատասխանում են Հ. ա–ի արտադրության երկու ձև` բացարձակ և հարաբերական: Բացարձակ Հ. ա. ստացվում է անհրաժեշտ աշխատաժամանակից դուրս աշխատօրվա երկարացման, աշխատանքի լարունության բարձրացման միջոցով: Բայց աշխատօրն ունի իր ֆիզիկական և սոցիալական սահմանները, և բանվոր դասակարգի կազմակերպված պայքարով, օրենսդրական ճանապարհով այն կարգավորվում է: Հ. ա–ի ավելացման մյուս եղանակը կապված է հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման ու հավելյալի երկարացման (աշխատօրվա սահմանները մնում են անփոփոխ), այսինքն` աշխատուժի արժեքի իջեցման հետ: Այս եղանակին համապատասխանում է Հարաբերական Հ. ա.: Վերջինի տարատեսակն է հավելադիր հավելյալ արժեքը: Կապիտալիզմի զարգացմամբ Հ. ա–ի նորման (m) անընդհատ աճում է: Այն որոշվում է Հ. ա–ի մասսայի (m) և փոփոխուն կապիտալի (v) կամ հավելյալ և անհրաժեշտ աշխատաժամանակների հարաբերությամբ` արտահայտված տոկոսներով. m=mv100: Հ. ա–ի նորման արտացոլում է բանվոր դասակարգի շահագործման աստիճանը, մասսան` Հ. ա–ի բացարձակ մեծությունը, և հավասար է կանխավճարված փոփոխուն կապիտալի ու `Հ. ա–ի նորմայի արտադրյալին. m = v.m': Հ. ա–ի նորմայի աճին հակազդում են` բանվոր դասակարգի պայքարը, աշխատուժի արժեքի բարձրացումը, երկու հակադիր համակարգերի պայքարը ևն: Հ. ա–ի տեսությամբ Մարքսը ձևակերպեց կապիտալիստական հասարակարգի շարժման հիմնական տնտ. օրենքը, բացահայտեց նրա զարգացման օբյեկտիվ միտումները: «…Մարքսի հավելյալ արժեքի տեսությունը,– գրել է Ֆ. Էնգելսը,– մի այնպիսի տպավորություն թողեց, ինչպես ջինջ երկնքից ճայթող կայծակը…» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, էջ 202, 1973): Բուրժ. տնտեսագետները (Ժ. Սեյ, Զ. Միլ, Ն. Սենիոր, Ջ. Կլարկ և ուրիշներ) առաջադրելով շահույթի, եկամուտների, սահմանային արտադրողականության և այլ հակագիտական տեսություններ, միշտ էլ փորձել են հերքել Հ. ա– ի մարքսյան ուսմունքը, որովհետև այն լուսաբանում է կապիտալիստական արտադրության նպատակը, բանվոր դասակարգի շահագործման էությունն ու նրա պատմական դերը (տես Մարքսի տնտեսագիտական ուսմունք): Քանի որ Հ. ա–ի արտադրությունն իրականացվում է կապիտալիզմին ներհատուկ տնտ. օրենքներին, մասնավորապես` արժեքի օրենքին համապատասխան, ապա շահագործումը բխում է կապիտալիստական արտադրահարաբերությունների բուն էությունից: Հետևաբար, «վարձու ստրկության» վերացումը հնարավոր է միայն սոցիալիստական հեղափոխության միջոցով:

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1–3, Ե.,1933 – 49: Նույնի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), Маркс К. И Энгельс Ф., Соч., 2 изд., т. 26, ч. 1–3 Լենին Վ. Ի., Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Նույնի, Կ. Մարքս, նույն տեղում, հ. 21: Թովմասյան Ն. Ռ., Հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է, Ե., 1959: Политическая экономия современного монополистического капитализма, т. 1–2, М., 1970.

Բ. Միրզոյան