ՀՍՀ/ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է հանրահաշվական բազմաձևություններ։ Այսպես են կոչվում n-չափանի տարածության այն կետերի բազմությունները, որոնց կոորդինատները F1(x1,x2,...,xn)=0, Fm(x1,x2,...,xn)=0 հավասարումների համակարգի լուծումներ են (F1,...,Fmx1,...,xn փոփոխականների բազմանդամներ են)։ Յուրաքանչյուր հանրահաշվական բազմաձևություն ունի որոշակի չափողականություն, որը կետը բազմաձևության վրա որոշող անկախ պարամետրերի թիվն է։ 1 և 2 չափողականություն ունեցող հանրահաշվական բազմաձևությունները համապատասխանաբար կոչվում են հանրահաշվական կորեր և հանրահաշվական մակերևույթներ։ Հանրահաշվական կորեր են, օրինակ, կոնական հատույթները։ Պատմականորեն Հ. ե. ծագել է ցածր կարգի կորերի և մակերևույթների ուսումնասիրությունների հիմքի վրա: Երրորդ կարգի կորերը դասակարգել է Ի. Նյուտոնը (1704): XIX դ. Հ. ե. կորերի և մակերևույթների հատուկ դասերի ուսումնասիրությունից հետզհետե անցավ կամայական բազմաձևություններին վերաբերող առավել ընդհանուր խնդիրների առաջադրմանը: Ընդհանուր Հ. ե–յան տեսությունը կառուցվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին` գերմանացի մաթեմատիկոս Մ. Նյոթերի, իտալացի մաթեմատիկոսներ Ֆ. Էնրիկեսի, Ֆ. Սեվերի և այլոց աշխատանքներում: Հ. ե. իր ծաղկումն ապրեց XX դ. Ա. Վեյլի, Ս. Լեֆշեցի և այլոց աշխատանքների շնորհիվ: Հ. ե–յան բնագավառում զգալի ներդրում ունեն սովետական մաթեմատիկոսներ Ն. Չեբոտարյովը, Ի. Շաֆարևիչը: Հ. ե. մաթեմատիկայի առավել ինտենսիվ զարգացող բաժիններից է, որի մեթոդները մեծ ազդեցություն ունեն շատ փոփոխականների ֆունկցիաների տեսության, թվերի տեսության, մասնական ածանցյալներով հավասարումների, հանրահաշվական տոպոլոգիայի, խմբերի տեսության և մաթեմատիկայի այլ բաժինների վրա: