ՀՍՀ/ՀԱՅԵԼԻ
ՀԱՅԵԼԻ, ողորկ մակերևույթով մարմին, որը, անդրադարձնելով լուսային ճառագայթները, ստեղծում է առարկաների (այդ թվում նաև լույսի աղբյուրի) օպտիկական պատկերը: Մետաղե Հ–ների (բրոնզից կամ արծաթից) կիրառության մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին: Բրոնզի դարում Հ. առավելապես հայտնի է եղել Հին Արևելքի երկրներում, իսկ երկաթի դարում ստացել է ավելի լայն տարածում: Անագի կամ կապարի տակդիրով ապակե Հ–ները երևան են եկել հռոմեացիների մոտ մ. թ. I դ.: Միջին դարերի սկզբում դրանք անհետացել են, ապա նորից հայտ–նվել միայն XIII դ.: XVI դ. ստեղծվել է անագի ամալգամով երեսպատված ապակե Հ.: XVII դարից սկսած պատրաստել են նրբագեղ շրջանակներով երիզված տարբեր տեսակի ու չափի Հ–ներ, որոնք հիմնականում օգտագործվել են իբրև զարդարանքի առարկա: Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում օգտագործվող ժամանակակից Հ–ները լինում են հարթ, գոգավոր և ուռուցիկ: Հարթ Հ. օպտիկական միակ համակարգն է, որ տալիս է աբեռացիայից զուրկ կեղծ պատկեր: Գոգավոր և ուռուցիկ Հ–ները, որոնց անդրադարձնող մակերևույթը կարող է լինել գնդային, պարաբոլային, գլանային ևն, օժտված են աբեռացիայի բոլոր տեսակներով, բացի գունայինից: Հ–ու մակերևույթի հղկման ճշտությունը կախված է օգտագործման նպատակից, օրինակ, աստղագիտական և սպեկտրային որոշ սարքերում անհարթությունների չափերը չպետք է գերազանցեն լուսային ալիքի երկարության 1/10-ը: Սիմետրիայի առանցք ունեցող մակերևույթով Հ-ու (նկ.) ստեղծած պատկերի դիրքը և կորության r շառավիղը կապված են առնչությամբ, որտեղ s-ը A առարկայի, իսկ s'-ը A' պատկերի հեռավորությունն է Հ-ու 0 գագաթից: Այս առնչությունը ճիշտ է միայն առանցքամերձ ճառագայթների համար, սակայն որոշ մոտավորությամբ կիրառելի է նաև մյուս դեպքերում: Առարկայի l և պատկերի l' չափերի միջև գոյություն ունի կապը: Եթե առարկան գտնվում է անսահմանությունում (s→∞), ապա պատկերն ստացվում է կիզակետային հեռավորության վրա՝ s'=f'=: Օպտիկայում հատուկ նպատակներով օգտագործում են այնպիսի Հ-ներ, որոնց անդրադարձման գործակիցն ունի ընտրական հատկություն, այսինքն՝ կախված է ալիքի երկարությունից: Այդ Հ-ներն ստացվում են հիմնականում՝ ապակու լավ ողորկած մակերևույթի վրա բազմաշերտ դիէլեկտրիկ ծածկույթ նստեցնելու եղանակով: Շերտերի հաստությունների և բեկման ցուցիչների համապատասխան ընտրության դեպքում տարբեր երկարության ալիքների համար ստացվում են անդրադարձման տարբեր գործակիցներ: Հ-ների և ոսպնյակների զուգակցումից ստացվում է հայելա-ոսպնյակային համակարգերի լայն խումբ: Այդպիսի համակարգերը կիրառվում են աստղագիտական, լուսանկարչական սարքերում:
Գրկ. Глюк И., И все это делают зеркала, пер. с англ., М., 1970. Ժ. Նինոյան