ՀՍՀ/ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱԿԱՆ
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՔԻՄԻԱԿԱՆ, փոխազդող համակարգի վիճակ, երբ դարձելի ընթանում են քիմիական մեկ կամ մի քանի ռեակցիաներ (տես Քիմիական ռեակցիաներ): Համակարգի բաղադրությունը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնում շնորհիվ նրա, որ ուղիղ և հակադարձ ռեակցիաներն ընթանում են հավասար արագություններով։ Պարզագույն դեպքում, երբ համակարգը միասեռ է և նրանում ընթանում է դարձելի ռեակցիա՝
A + B ⇄ C + D
ուղիղ ռեակցիայի արագությունը (V1) համեմատական է փոխազդող նյութերի կոնցենտրացիաների արտադրյալին՝ V1=K1[A][B], իսկ հակադարձ ռեակցիայի արագությունը (V2)՝ վերջնանյութերի կոնցենտրացիաների արտադրյալին՝ V2=K2[C][D], որտեղ K1-ը և K2-ը տվյալ պայմաններում արագությունների հաստատուններն են։ A ու B նյութերի ծախսմամբ V1-ը փոքրանում է, իսկ C-ի ու D-ի առաջացմամբ V2-ը՝ մեծանում։ Երբ V1=V2, ապա հաստատվում է Հ․ ք․, որից հետևում է, որ
,
որտեղ K–ն հավասարակշռության հաստատունն է: Յուրաքանչյուր դարձելի ռեակցիայի համար K–ն բնորոշ մեծություն է և կախված է արտաքին պայմաններից: Ստացված հավասարումը ներգործող զանգվածների օրենքի մաթեմատիկական արտահայտությունն է: Հավասարակշռության մեջ գտնվող համակարգի վիճակն ամենահավանականն է, որին համապատասխանում է էնտրոպիայի առավելագույն կամ ազատ էներգիայի նվազագույն արժեք: Կատալիզատորը հավասարակշռությունը չի տեղաշարժում, բայց մեծացնում է դրա ստեղծման արագությունը: Հավասարակշռության կախումն արտաքին պայմաններից որակապես արտահայտվում է Լը–Շատելիեի–Բրաունի սկզբունքով, քանակապես` թերմոդինամիկական հավասարումներով: Ջերմաստիճանի ազդեցությունը հավասարակշռության հաստատունի վրա արտահայտվում է ռեակցիայի իզոբարի կամ իզոխորի հավասարումով: Հավասարակշռության ուսումնասիրությունն ունի տեսական և գործնական մեծ նշանակության, օրինակ, դրա շնորհիվ կարելի է ընտրել ամենաբարենպաստ պայմաններ, որպեսզի հետազոտվող նյութի ելքը հասցվի առավելագույնի:
Գրկ. Չալթիկյան Հ. Հ., Ֆիզիկական քիմիա, Ե., 1975: Ն. Բեյլերյան